Skip to main content

Ամփոփագիր 4. Իրանի 2026 թ. պատերազմի հետևանքները Հայաստանի և Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի համար

Ներածություն


Իրանում ընթացող պատերազմը, որը սկսվել է 2026 թվականի փետրվարի 28- ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով, վերածվել է տարբեր ճակատներով տարածաշրջանային հակամարտության՝ առանց ավարտի հստակ տեսլականի։ Ռազմական առումով հարվածները զգալիորեն թուլացրել են Իրանի ավանդական ռազմական կարողությունները և վնասել նրա միջուկային ենթակառուցվածքի մի մասը։ Սակայն դրանք չեն հանգեցրել իշխող ռեժիմի փլուզման կամ հստակ ռազմավարական արդյունքի, քանի որ Իրանը պահպանում է տարբեր ճակատներում պատասխան գործողություններ իրականացնելու կարողությունը։ Հակամարտությունը դուրս է եկել Պարսից ծոցի տարածաշրջանի սահմաններից, խաթարել է էներգետիկ շուկաները, բացահայտել Արևմուտքի ներսում տարաձայնությունները և թուլացրել հավաքական անվտանգության մեխանիզմները՝ առաջացնելով երկարատև անկայունություն։ Այս զարգացումները վերափոխում են տարածաշրջանային միջավայրերը Մերձավոր Արևելքից այն կողմ՝ ունենալով անուղղակի, բայց նշանակալի ազդեցություն Հարավային Կովկասի վրա։ Հայաստանի վրա դրա ազդեցությունը՝ հատկապես TRIPP-ի և Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի շրջանակում, հիմնականում ոչ թե ռազմական, այլ կառուցվածքային բնույթ ունի՝ ազդելով տնտեսական հոսքերի, աշխարհաքաղաքական հավասարակշռության և հարաբերությունների նորմալացման գործընթացի ընդհանուր միջավայրի վրա։ Ներկա փուլում հակամարտությունը Հայաստանի համար անմիջական անվտանգության ռիսկեր չի ստեղծել, սակայն առաջացրել է նոր սահմանափակումներ և անորոշություններ, որոնք կարող են ազդել տարածաշրջանային վերափոխման թե՛ տեմպերի և թե՛ կայուն ընթացքի վրա։ 


Հայաստան․ հարաբերական կայունություն տարածաշրջանային խաթարման պայմաններում


Ի տարբերություն 2025 թվականի հունիսի Իրան–Իսրայել պատերազմի, ներկայիս հակամարտությունը Հայաստանի հարավային շրջանների նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունների անմիջական ռիսկեր չի ստեղծել։ Հայաստանը մնում է Իրանի միակ հարևանը, որը չի թիրախավորվել, ինչը արտացոլում է Հայաստանի չեզոք դիրքորոշումը, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների հավասարակշռության պահպանումը, և Հայաստանի տարածքում կողմերից որևէ կողմի ռազմական ենթակառուցվածքների բացակայությունը։ Այս դիրքավորումը ձևավորել է Հայաստանի վերաբերյալ ներկայիս ընկալումը որպես հարաբերականորեն կայուն և կանխատեսելի միջավայր անկայունացող տարածաշրջանում։ Սակայն այս հարաբերական կայունությունը չի պաշտպանում Հայաստանը պատերազմի՝ տնտեսական և լոգիստիկ հետևանքներից, ինչպես նաև չի երաշխավորում զսպվածության շարունակում, եթե հակամարտությունը ձգձգվի և առավել սրվի:


Իրանի նշանակությունը Հայաստանի համար


Իրանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր տարածաշրջանային գործընկեր։ 2025 թվականին երկու երկրները հայտարարեցին իրենց հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին։ Համագործակցությունը ներառում է էներգետիկ փոխանակումներ (գազ–էլեկտրաէներգիա), սահմանամերձ առևտուր և տրանսպորտային կապակցվածություն, որը Հայաստանին կապում է Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և մասամբ Արևելյան Ասիայի շուկաների հետ։ Հայաստանը նաև կարող է ծառայել որպես տարանցիկ երկիր Իրանի և Եվրոպայի միջև։ Այս փոխգործակցությունները նպաստում են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային ինտեգրմանը։ Միաժամանակ Իրանը կարևոր դեր է ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրում՝ կտրականապես ընդդիմանալով Հայաստան–Իրան սահմանի փոփոխության ցանկացած փորձի, հատկապես Ադրբեջանի կողմից առաջ քաշված արտատարածքային միջանցքի պահանջներին։ Այս դիրքորոշումը ծառայել է որպես անուղղակի զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունների համար Սյունիքում։ Սակայն այս իրողությունը մասամբ փոխվել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո՝ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության աճով՝ միաժամանակ առաջացնելով որոշակի հակազդեցություն Թեհրանում։


Տնտեսական և հաղորդակցությունների խնդիրներ


Իրանի և Իսրայել–ԱՄՆ դաշինքի միջև ընթացող հակամարտության ամենաանմիջական հետևանքները տնտեսական բնույթ ունեն։ Իրանի հետ կապված խափանումները՝ որպես Հայաստանի հիմնական հարավային ուղղություն, ազդել են առևտրային հոսքերի, էներգետիկ փոխանակումների և Մերձավոր Արևելքի ու Հարավային Ասիայի շուկաների, այդ թվում՝ Հնդկաստանի հետ կապերի վրա, որը Հայաստանի կարևոր պաշտպանական և տնտեսական գործընկերն է։ Հաշվի առնելով Հայաստանի կառուցվածքային կախվածությունը Իրանի հետ սահմանից, երկարատև հակամարտությունը կարող է հանգեցնել տրանսպորտային ծախսերի աճի, առևտրի ծավալների կրճատման և գնաճային ճնշումների։ Տարածաշրջանային անկայունությունը ազդել է նաև օդային տարածքի և լոգիստիկ համակարգերի վրա՝ հարկադրելով երթուղիների վերանայում և արտակարգ իրավիճակային արձագանքներ։ Հայաստանի ԱԳՆ-ի տվյալներով, Հայաստանը տարհանել է իր քաղաքացիներին Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներից, ինչպես նաև աջակցել է օտարերկրյա քաղաքացիների տարհանմանը Հայաստանի տարածքով։


Արտաքին քաղաքականության դիլեմա․ չեզոքություն ճնշման պայմաններում


Հայաստանը ձգտում է պահպանել կայուն և պրագմատիկ հարաբերություններ Իրանի հետ՝ միաժամանակ շարունակելով դիվերսիֆիկացնել իր արտաքին գործընկերությունները բազմագործընկերության ռազմավարության միջոցով։ Միևնույն ժամանակ, Իրանի շարունակվող հակամարտությունն ու ներքին ճգնաժամը էական անորոշություն են մտցնում Հայաստանի ռազմավարական միջավայրում։ Իրանում խոշոր ապակայունացումը ոչ միայն կխաթարի տնտեսական և տարանցիկ կապերը, այլև կարող է փոխել Հարավային Կովկասում առկա փխրուն հավասարակշռությունը՝ հնարավոր հետևանքներով Հայաստանի անվտանգության համար։ Պատերազմը սրում է Հայաստանի արտաքին քաղաքականության դիլեման՝ որպես դիվերսիֆիկացված ռազմավարական գործընկերություններ զարգացնող պետություն։ Հայաստանի հիմնական գործընկերների՝ ԱՄՆ-ի, եվրոպական գործընկերների և Իրանի միջև լարվածության աճի պայմաններում Հայաստանը պահպանում է խիստ չեզոք դիրքորոշում, որը, սակայն, նույնպես զգայուն և դժվարին է։ Այս չեզոքությունը պայմանավորված է կառուցվածքային սահմանափակումներով, քանի որ մեկ ուղղությամբ ընդունված որոշումները անմիջականորեն ազդում են մյուս գործընկերների հետ հարաբերությունների վրա՝ գործնականում բացահայտելով բազմազանեցված ռազմավարական գործընկերությունների սահմանները։

Ներքաղաքական դինամիկա և հիբրիդային արշավներ


Հայաստանում ներքաղաքական բևեռացումը և հիբրիդային արշավների ակտիվացումը, հատկապես ընտրություններից առաջ, ավելացնում են իրավիճակի բարդությունը։ Հայկական ընդդիմության որոշ շրջանակներ օգտագործում են Իրանում պատերազմը հակաարևմտյան նարատիվներ առաջ մղելու համար՝ ամերիկյան ներգրավվածությունը և հատկապես TRIPP-ը ներկայացնելով որպես անվտանգության սպառնալիք և ինքնիշխանության խաթարում։ Այս ձևակերպումը դրանց իրագործման սկզբնական փուլում կարող է ազդել հաղորդակցությունների ապաշրջափակման և հարաբերությունների նորմալացման հանրային աջակցության օրակարգի վրա։


TRIPP․ հնարավորության և հետաձգման միջև


Իրանի պատերազմը Խաղաղության ու բարգավաճման Տրամպի ուղու (TRIPPի) համար առաջացնում է հակասական հետևանքներ։ Կառուցվածքային առումով այն բարձրացնում է ցամաքային երթուղիների կարևորությունը՝ որպես ավելի լայն եվրասիական փոխկապակցվածության մաս։ Միևնույն ժամանակ, Իրանի հակամարտությունը ամենայն հավանականությամբ, կհետաձգի ծրագրի իրականացումը՝ շեղելով ԱՄՆ-ի քաղաքական ուշադրությունն ու ռեսուրսները։ Բացի այդ, ըստ վերլուծաբանների, TRIPP-ը կփոխի տարածաշրջանային հավասարակշռությունը՝ նվազեցնելով Իրանի տարանցիկ դերը և ընդլայնելով ԱՄՆ-ի տնտեսական ներգրավվածությունը, ինչն արդեն իսկ մտահոգություն է առաջացրել Թեհրանում։ Եթե Իրանը հակամարտությունից ելք գտնի կոշտ գծի կոնսոլիդացմամբ, ապա, ամենայն հավանականությամբ, կընդունի առավել կոշտ դիրքորոշում հաղորդակցության ապաշրջափակման՝ իր տարածքը շրջանցող՝ նախաձեռնությունների, այդ թվում՝ TRIPP-ի, ինչպես նաև իր սահմաններին մոտ ԱՄՆ-ի առևտրային շահերի ներկայության նկատմամբ։ Ընդհակառակը, ավելի Իրանում բարեփոխումներին միտված հնարավոր զարգացումները՝ Արևմուտքի հետ դրանցից բխող հարաբերությունների բարելավման և պատժամիջոցների թուլացման պայմաններում, կարող են բացել տնտեսական հնարավորություններ և ընդլայնել Հայաստանի դրը որպես տարանցիկ երկիր։ Սակայն ռազմական ինտերվենցիան կարող է հանգեցնել ներքին կոնսոլիդացիայի և քիչ հավանական դարձնել այդպիսի սցենարը։


Հնարավոր հետևանքները Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի համար


Ներկայիս պատերազմը զարգանում է ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող, սակայն դեռևս չավարտված և, հետևաբար, փխրուն խաղաղության գործընթացի համատեքստում։ ԱՄՆ-ի դիվանագիտությունը նպաստել է էսկալացիայի ռիսկերի կանխմանը և կառավարմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, հատկապես Հայաստանի հարավում, որտեղ նոր ռազմական գործողությունների վտանգն առկա էր 2025 թվականի հունիսին Իրան–Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում։ Թեև նման անմիջական ռիսկը ներկայումս զսպված է, պատերազմն այնուամենայնիվ մեծացնում է անորոշությունը խաղաղության գործընթացում։ Հավելյալ գործոն է այն, որ ԱՄՆ֊ի՝ լայն միջազգային աջակցություն չվայելող ռազմական գործողությունները, ինչպես նաև դրանց հակասությունը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության վերջին ռազմավարությունում արտացոլված չմիջամտության սկզբունքի հետ, կարող են խաթարել Վաշինգտոնի արժանահավատությունը որպես խաղաղարար դերակատարի։ Միակողմանի ուժի կիրառումը նաև խորացնում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի քայքայման վերաբերյալ մտահոգությունները։ Միաժամանակ, եթե ԱՄՆ-ն գոնե մասամբ չկարողանա հասնել Իրանում գործողությունների նպատակների իրագործմանը, և Թեհրանին հաջողվի ազդել դեէսկալացիայի պայմանների ձևավորման վրա, դա նույնպես կարող է թուլացնել ԱՄՆ-ի ազդեցությունը։ Հնարավոր է, որ Իրանի միջոցով տարածաշրջանային կապակցվածության խաթարումը խթանի պրագմատիկ համագործակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, հատկապես՝ այլընտրանքային տարանցիկ ուղիների զարգացման հարցում, որոնք կնվազեցնեն Իրանից կախվածությունը։ Ադրբեջանի համար սա կնշանակի Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցիկ կապի հաստատում Հայաստանի տարածքի միջոցով, իսկ Հայաստանի համար՝ Ադրբեջանի միջոցով տարանցիկ միջազգային ուղիների հասանելիություն, ինչը կնվազեցնի Իրանի միջոցով հաղորդակցությունից կախվածությունը։ Փոփոխվող աշխարհաքաղաքական դինամիկան կարող է նաև խորացնել կողմերի միջև անհամաչափությունները։ Ադրբեջանի աճող նշանակությունը որպես Եվրոպայի համար էներգակիրների մատակարար ուժեղացնում է նրա աշխարհաքաղաքական դիրքերը, ինչն արտացոլվեց վերջին բարձր մակարդակի շփումներում, այդ թվում՝ Ալիև–Կոստա հանդիպման ժամանակ։ Պատմականորեն էներգետիկ եկամուտների աճը նպաստել է Ադրբեջանի ռազմական արդիականացմանն ու ավելի գերակա տարածաշրջանային քաղաքականությանը՝ ստեղծելով կառուցվածքային անհամաչափություններ, որոնք կարող են ազդել նորմալացման գործընթացի կայունության վրա։


Եզրակացություն


Ներկա փուլում Իրանի պատերազմը Հայաստանի համար անմիջական անվտանգային սպառնալիքներ չի ստեղծում, սակայն լուրջ փոփոխություններ է ստեղծում առևտրատնտեսական, դիվանագիտական և աշխարհաքաղաքական միջավայրում, որում զարգանում են Հայաստան– Ադրբեջան խաղաղության գործընթացը և TRIPP-ը։ Թեև որոշ զարգացումներ կարող են խթանել սահմանափակ համագործակցություն, աճող անհամաչափությունները և արտաքին ճնշումները վտանգում են նորմալացման գործընթացի կայուն հեռանկարը։ TRIPP-ի շուրջ անորոշությունը՝ պայմանավորված ԱՄՆ-ի փոփոխվող առաջնահերթություններով և Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով, կարող է ազդել թե՛ իրականացման տեմպերի և թե՛ տարածաշրջանային կապակցվածության ավելի լայն հավասարակշռության վրա։ Եթե հակամարտությունը ձգձգվի և ավելի սրվի՝ հանգեցնելով տարածաշրջանային ավելի մեծ ապակայունացման կամ Իրանի դիրքորոշման կոշտացման, այս ճնշումները, ամենայն հավանականությամբ, կուժեղանան՝ խորացնելով տնտեսական ռիսկերը, բարդացնելով Հայաստանի բազմագործընկերային և հավասարակշռման ռազմավարությունը, ինչպես նաև կարող է մեծ ազդեցություն թողնել ամբողջ տարածաշրջանի վրա։