Skip to main content

Ամփոփագիր 3. ԱՄՆ Փոխնախագահ Վենսի
այցելությանն ընդառաջ
ԱՄՆ֊ի միջնորդությամբ Հայաստան֊Ադրբեջանխաղաղության գործընթացի և ԱՄՆ֊Հայաստան երկկողմռազմավարական համագործակցության վերաբերյալ

Արտաքին ու անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնը (ԱԱՔԵԿ)֊ը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմ Դեյվիդ Վենսի գլխավորած պատվիրակության՝ առաջիկա օրերին նախատեսվող այցելությունը Երևան ու Բաքու։

TRIPP֊ի իրագործման շրջանակային փաստաթղթի և Խաղաղության խորհրդին Հայաստանի միանալու վերաբերյալ՝ ԱԱՔԵԿ֊ի նախորդ երկու ամփոփագրերում մենք անդրադարձել ենք այն նշանակալի դերին, որն ԱՄՆ֊ն ունեցել է և շարունակում է ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակմանը սկիզբ դնելու գործում։ Ընդգծել ենք նաև  ԱՄՆ֊Հայաստան ռազմավարական գործընկերության շրջանակում համաձայնեցված կարևոր նախաձեռնությունների կարևորությունը։


Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ չնայած արձանագրված նշանակալի առաջընթացին, դեռևս առկա են մի քանի սկզբունքային նշանակության խնդիրներ, որոնք կարևոր է հասցեագրել փոխնախագահ Վենսի այցելության համատեքստում։


1. Վաշինգթոնի հռչակագրի ստորագրումն անչափ կարևոր էր, սակայն խաղաղության համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ, ու խաղաղության գործընթացը դեռևս անավարտ է։ Վաշինգթոնի գագաթաժողովից հետո Ադրբեջանը շարունակում էր Հայաստանի առջև նախապայմաններ դնել համաձայնագրի ստորագրման համար, որոնք նաև Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացներին միջամտելու բնույթ էին կրում։ Թեև վերջին մի քանի շաբաթում Ադրբեջանը դադարել է ուղղակի նախապայմանների մասին հայտարարություններ անել, սակայն անուղղակիորեն նման նախապայմանները դեռևս առկա են։ Հայաստանի վրա ճնշման այդ քաղաքականությունը դադարեցնելու և խաղաղության տևականությանը նորմատիվ բնույթ տալու համար կարևոր է խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավորինս սեղմ ժամկետում։ Մասնավորապես նպատակահարմար կլինի, որ այն  ստորագրվի մինչև Հայաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն։ Սա հնարավորություն կտա խուսափել  ներքաղաքական անկայունություն ստեղծելու փորձերից, և հավելյալ ազդակ կլինի բանակցային այլ ուղղություններով առաջընթացի համար։


2. Երկրորդ հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև լիարժեք սահմանազատման իրականացումն ու այդ գործընթացի միջոցով ոչ միայն TRIPP֊ի գործարկման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումն է, այլև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված, սակայն 2021-2022 թթ. Ադրբեջանի ռազմական հարձակումների արդյունքում Բաքվի հսկողության տակ գտնվող շուրջ 250 քառ կմ տարածքի դեօկուպացիան է։


Կարևոր ենք համարում նշել, որ չնայած սահմանազատման աշխատանքների մեկնարկից արդեն անցել է մեկ ու կես տարի, աշխատանքներն իրականացվել են սահմանի միայն մի փոքր, Ադրբեջանի համար նպաստավոր հատվածում։ Կարծում ենք, որ գործընթացին պետք է հաղորդել արագություն, իսկ Ադրբեջանը պետք է իր ուժերը հետ քաշի օկուպացված տարածքներից այն նույն ձևով, ինչ Հայաստանն իր զորքերը հետ քաշեց խորհրդային ժամանակներում Ադրբեջանին պատկանած էքսկլավ տարածքներից։


3. Արձանագրելով, որ Վաշինգթոնյան գաղաթաժողովին հաջորդող ամիսներին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ անտագոնիստական ու ռեվիզիոնիստական նարատիվներում նկատվում է որոշ մեղմացում, հարկ ենք համարում նշել, որ նմանատիպ գործողությունները չեն դադարել և իրականացվում են առավել քողարկված կերպով՝ զանգվածային լրատվության, կրթական ու գիտական հաստատությունների օգտագործմամբ։ Հանրությանը խաղաղության պատրաստելու փոխարեն, Ադրբեջանը շարունակում է ոչ պաշտոնական դերակատարների միջոցով խեղաթյուրել պատմական փաստերը և առաջ տանել Հայաստանի հանդեպ էքսպանսիոնիստական նարատիվները՝ շարունակելով Հայաստանը կամ դրա մի մասն անվանել «Արևմտյան Ադրբեջան», և սերունդներին դաստիարակել նույն ոգով։  Նմանատիպ քաղաքականությունը անհամատեղելի է խաղաղության գործընթացի հետ, ու հավելյալ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի Ադրբեջանը ընդմիշտ դադարեցնի Հայաստանի հանդեպ կոգնիտիվ պատերազմը, էքսպանսիոնիստական ու ռեվիզիոնիստական նարատիվներն ու թաքնված պահանջները։


4. Ադրբեջանը շարունակում է նաև պաշտոնական TRIPP անվան փոխարեն օգտագործել «Զանգեզուրի միջանցք» հնարովի/ կեղծ անվանումը, իր ու միջազգային հանրության շրջանում՝ փորձելով ստեղծել կեղծ տպավորություն, որ ճանապարհն արտատարածքային է։ Սա օգտագործվում է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ասոցիացվող ընդդիմադիր շրջանակների կողմից, հնարավորություն տալով վերջիններիս Հայաստանի հանրության շրջանում TRIPP֊ի վերաբերյալ տարածել կեղծ նարատիվներ։ Առաջարկում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի ՚Զանգեզուրի միջանցք» խոսույթի կիրառումն ու TRIPP֊ը արտատարածքային տրամաբանությամբ ներկայացնելու փորձերը։


5. Մեծ կարևորություն ունի նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի ոչ թե խորհրդանշանական ու դիպվածային, այլ փոխադարձության սկզբունքի հիման վրա և հավասար պայմաններով լիակատար ապաշրջափակումը, Հայաստանի լիարժեք մասնակցությունը Միջին միջանցքին, տարածաշրջանային այլ հաղորդակցության ուղիներին և ծրագրերին՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին համահունչ։


6. Կարծում ենք, որ առավել քան հասունացել է Թուրքիա֊Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ներառյալ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը, սակայն այն խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից։ Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորումը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգային կախվածության նվազման ու տարածաշրջանային կայունության համար։


7. Խաղաղության գործընթացի ոգուն ամբողջովին հակասում է հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության անհամոզիչ ու քաղաքականացված մեղադրանքներով, ոչ թափանցիկ ու իրավական նորմերին հակասող դատավարությամբ դատապարտումը։  Միանում ենք Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից հայ գերիներին ազատելու նպատակով փոխնախագահ Վենսին ուղղված ԱՄՆ միջնորդության խնդրանքին։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանը համաձայնվել է միջազգային դատարաններից հետ կանչել իրավական հայցերը, ազատ է արձակել ոչ միայն ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այլև՝ Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմում ներգրավված սիրիացի վարձկաններին։ Հետևաբար, հայ գերիները պետք է ազատ արձակվեն համաներմամբ և նրանց արձակման դիմաց Հայաստանի առջև չպետք է դրվեն նոր նախապայմաններ։


8. ԱԱՔԵԿ֊ը ողջունում է անցյալ տարվանից ի վեր Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների հանդիպումներն ու փոխադարձ այցելությունները, սակայն ցավով է արձանագրում, որ ադրբեջանցի երիտասարդ գիտահետազոտող ու խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովը դատապարտվել է հայ փորձագետների, լրագրողների ու խաղաղության ակտիվիստների հետ առանց Ադրբեջանի կառավարության հանձնարարության անկախ շփումների համար։ ԱԱՔԵԿ֊ի նախագահ Սոսի Թաթիկյանի անունն առանցքային է դարձել նրա դատական հայցում միայն այն պատճառով, որ ի թիվս հայ ու ադրբեջանցի այլ ներկայացուցիչների, նրանք մի անգամ՝ 2023 թվականին հանդիպել են Բեռլինում՝ գերմանացի գործընկերների կազմակերպած աշխատաժողովում։ Դրան հաջորդել է սահմանափակ ու հազվադեպ գրագրություն՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հոդվածների և  Հայաստան֊Ադրբեջան խաղաղության օրակարգի վերաբերյալ։ Բահրուզի հետ հանդիպած հայ փորձագետներն ու ակտիվիստները, այդ թվում ԱԱՔԵԿ֊ի նախագահը, ով ընդամենը Հայաստանի նախկին դիվանագետ ու ՄԱԿ֊ի նախկին խաղաղապահ է, պիտակավորվել են որպես Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալներ, ովքեր Բահրուզին հավաքագրել են։ Այդ մեղադրանքը չունի որևէ հիմնավորում, և Հայաստանի արտաքին հետախուզության ղեկավարը այն հերքել է։ Հարկ ենք համարում նշել, որ Սոսի Թաթիկյանը նախկինում հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ՝ ՆԱՏՕ֊ի կենտրոնակայանում երկուսի միաժամանակյա դիվանագիտական ծառայության ընթացքում, ինչպես նաև ադրբեջանցի այլ փորձագետների հետ։ Կարծում ենք, որ Բահրուզ Սամադովի բանտարկությունն ամբողջովին հակասում է խաղաղության գործընթացի տրամաբանությանը։ Խնդրում ենք միջնորդել նրան ազատ արձակելու հարցում՝ որպես Հայաստան֊Ադրբեջան խաղաղության օրակարգում իր ներդրումն ունեցած անկախ գիտահետազոտողի։



ԱՄՆ֊Հայաստան Երկկողմ գործընկերություն՝ միջուկային ոլորտ


9. ԱԱՔԵԿ֊ը ողջունում է միջուկային խաղաղ էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստան֊ԱՄՆ համագործակցությունը։ ՆԱՏՕ֊ի Պաշտպանության կոլեջի կողմից դեռևս 2008 թվականին հրատարակվել է ԱԱՔԵԿ֊ի նախագահի՝ “How do energy security and Euro-Atlantic integration correlate in the Southern Caucasus” աշխատությունը, որում առաջարկվում է է ԱՄՆ֊ի աջակցությամբ Հայաստանում կառուցել նոր ատոմակայան՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ու բազմազանեցման և այդպիսով՝  Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նպատակով։ Ողջունելով այս ուղղությամբ համագործակցության մեկնարկը, կարծում ենք, որ Հայաստանում առավել նպատակահարմար կլինի ոչ թե միջուկային փոքր մոդուլյար ռեակտորների տեղադրումը, այլ ԱՄՆ աջակցությամբ միջին հզորության երկարաժամկետ ժամանակակից ատոմակայանի կառուցումը։ Սա նաև կարևորվում է Հայաստանում ԱՄՆ֊ի աջակցությամբ արհեստական բանականության գործարանի կառուցման համար անհրաժեշտ էլեկտրականությունն ապահովելու համատեքստում։ Վերջապես, Հայաստանի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան կարող է նաև արտահանվել հարևան երկրներ, այդ թվում՝ Թուրքիա և Ադրբեջան՝ նպաստելով տարածաշրջանում տնտեսական ու էներգետիկ առողջ փոխկախվածության հաստատմանը։  Նման տնտեսական համագործակցությունը մեծապես կնպաստի խաղաղության օրակարգի տևականության ապահովմանը։