Skip to main content

Համատեքստային Քաղաքական համառոտագիր N6. ԵԵվրոպական քաղաքական համայնք․ ծագում, զարգացում և նշանակություն Հայաստանի համար

Նախապատմություն և գաղափարական հիմքեր


Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ) շարունակությունն է այն ավելի վաղ նախաձեռնությունների, որոնք նպատակ ունեին ստեղծել համաեվրոպական քաղաքական հարթակ՝ դուրս ինստիտուցիոնալ ձևական շրջանակներից։ Այդ նախաձեռնություններից մեկը 1989 թվականին ներկայացրել էր Ֆրանսուա Միտտերանը՝ առաջարկելով «Եվրոպական կոնֆեդերացիա», որը նախատեսված էր միավորելու Արևմտյան և Արևելյան Եվրոպայի պետությունները Սառը պատերազմի ավարտից հետո։ Առաջարկի նպատակն էր ստեղծել քաղաքական երկխոսության և համակարգման հարթակ՝ Եվրոպական համայնքների կառույցներից դուրս, սակայն այն չիրականացավ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական անվստահությամբ, ինստիտուցիոնալ մրցակցող զարգացումներով՝ հատկապես ԵՄ և ՆԱՏՕ ընդլայնմամբ, ինչպես նաև հստակ ձևակերպված գործառնական մանդատի բացակայությամբ։

Հետագա տասնամյակներում եվրոպական ինտեգրումը հիմնականում կենտրոնացած էր ընդլայնման և ինստիտուցիոնալ խորացման հարցերի վրա։ Սակայն եվրոպական անվտանգության ճարտարապետության աստիճանական քայքայումը, բազմակողմանի ինստիտուտների թուլացումը և աճող աշխարհաքաղաքական ֆրագմենտացիան վերակենդանացրեցին ավելի ճկուն քաղաքական համակարգման ձևաչափերի անհրաժեշտությունը։ Այս կառուցվածքային զարգացումները ձևավորեցին այն պայմանները, որոնք հանգեցրին Եվրոպական քաղաքական համայնքի ստեղծմանը։

Ստեղծումը 2022 թվականին՝ որպես աշխարհաքաղաքական արձագանք

Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ) նախաձեռնվեց 2022 թվականի մայիսին Էմանուել Մակրոնի կողմից՝ ի պատասխան Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը Ուկրաինա։ Պատերազմը բացահայտեց գործող մեխանիզմների սահմանափակումները․ ԵՄ ընդլայնումը չափազանց դանդաղ էր՝ արձագանքելու հրատապ աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ՆԱՏՕ-ն շարունակում էր մնալ անդամակցությամբ սահմանափակված ռազմական դաշինք, իսկ ավելի լայն բազմակողմ ինստիտուտները չունեին արագ քաղաքական համակարգման համար անհրաժեշտ ճկունություն։

ԵՔՀ-ն ձևավորվեց որպես ներառական, առաջնորդների մակարդակի հարթակ, որը համախմբում է եվրոպական պետություններին՝ անկախ ԵՄ անդամակցությունից, և հնարավորություն է տալիս արագ երկխոսություն վարել անվտանգության, էներգետիկ և աշխարհաքաղաքական հարցերի շուրջ՝ առանց ձևական ինստիտուցիոնալ սահմանափակումների։


Զարգացումը գագաթնաժողովների միջոցով (2022–2025)


ԵՔՀ գագաթնաժողովների զարգացումը արտացոլում է ձևաչափի աստիճանական կայացումը՝ որպես քաղաքական համակարգման կանոնակարգված հարթակ․

• Առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ նշանավորելով ձևաչափի մեկնարկը։
• Երկրորդ գագաթնաժողովը կայացավ 2023 թվականի հունիսին Քիշնևում՝ կարևոր քաղաքական ազդակ հանդիսանալով տարածաշրջանային անկայունության պայմաններում Մոլդովային աջակցելու տեսանկյունից։
• Երրորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում։
• Չորրորդ գագաթնաժողովը կայացավ 2024 թվականի հուլիսին Բլենհայմ պալատում՝ արտացոլելով Միացյալ Թագավորության վերականգնվող ներգրավվածությունը եվրոպական քաղաքական գործընթացներում Բրեքսիթից հետո։
• Հինգերորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ 2024 թվականի նոյեմբերին Բուդապեշտում։
• Վեցերորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ 2025 թվականին Տիրանայում՝ ընդգծելով Արևմտյան Բալկանների շարունակական ներգրավվածությունը ձևաչափում։
• Յոթերորդ գագաթնաժողովը անցկացվեց 2025 թվականի հոկտեմբերին Օրհուսում (Դանիա)՝ առավել ամրապնդելով ԵՔՀ-ն որպես աշխարհագրորեն շրջադարձվող և աստիճանաբար կանոնակարգվող հարթակ։

Ութերորդ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ 2026 թվականի մայիսի 4-ին՝ ընդգծելով Հարավային Կովկասի աճող կարևորությունը և Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական քաղաքական գործընթացներում։

 

Կառուցվածք և գործելակերպ


ԵՔՀ-ն միտումնավոր ձևավորված է որպես ոչ ինստիտուցիոնալացված ձևաչափ։ Այն չունի հիմնադիր պայմանագիր, մշտական քարտուղարություն կամ պարտադիր որոշումների կայացման մեխանիզմներ։ Այսպես կոչված «թեթև ճարտարապետությունը» ապահովում է ճկունություն, արագ համակարգում և լայն քաղաքական մատչելիություն։

Մասնակցությունը ներառում է ԵՄ անդամ պետությունները, թեկնածու և գործընկեր երկրները, Արևմտյան Բալկանները, ինչպես նաև ոչ ԵՄ եվրոպական պետությունները՝ այդ թվում Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան և Շվեյցարիան։ Մոտավորապես 50 առաջնորդների համախմբելով՝ ԵՔՀ-ն հանդիսանում է Եվրոպայում ամենալայն քաղաքական հավաքը։

Ռազմավարական նշանակություն

ԵՔՀ-ի նշանակությունը նախևառաջ պայմանավորված է նրա քաղաքական գործառույթով։ Այն ապահովում է առաջնորդների մակարդակով անմիջական փոխգործակցություն՝ ինստիտուցիոնալ սահմաններից դուրս, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ համակարգման, քան ձևական կազմակերպությունների շրջանակներում, միաժամանակ ծառայելով որպես ռազմավարական ազդանշանների փոխանցման և եվրոպական համախմբվածության արտահայտման գործիք։

Միևնույն ժամանակ, այն գործում է որպես կամուրջ ԵՄ և ոչ ԵՄ պետությունների միջև՝ պահպանելով քաղաքական համահունչությունը՝ առանց ընդլայնման գործընթացը փոխարինելու։ Փոքր պետությունների համար, այդ թվում Հայաստանի, այն ստեղծում է հարթակ՝ անվտանգային հարցերը միջազգայնացնելու և բազմազանեցված ներգրավման ռազմավարության համար։


Պրահայի 2022 թվականի գագաթնաժողովը նշանակությունը Հայաստանի համար


Պրահայի գագաթնաժողովը Հայաստանի համար ունեցել է կարևոր քաղաքական և անվտանգային նշանակություն։ Այն տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ռազմական ճնշման պայմաններում, ներառյալ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ հարձակումը, որը տեղի էր ունեցել հանդիպումից ընդամենը երեք շաբաթ առաջ։ Այս համատեքստում ԵՄ֊ի և Ֆրանսիայի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատեցին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքը՝ հղում անելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։ Սա լայնորեն մեկնաբանվեց որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։

Միաժամանակ, գագաթնաժողովի արդյունքում տեղակայվեց ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը հետագայում ինստիտուցիոնալացվեց որպես Եվրամիության դիտորդական առաքելություն Հայաստանում (EUMA)։ Սա որակական փոփոխություն էր ԵՄ ներգրավվածության մեջ և ձեռք բերեց առանձնահատուկ նշանակություն որպես «փափուկ զսպման» գործիք՝ նպաստելով Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հետագա ռազմական հարձակումների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև Հայաստանի սահմանային կայունության և մարդկային անվտանգության ամրապնդմանը։

Պրահայում ընդունված ձևակերպումը հետագայում շահարկվեց տարբեր դերակատարների կողմից։ Հայաստանում ընդդիմադիր ուժերը, համընկնելով ռուսական նարատիվների հետ, այն ներկայացրեցին որպես Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի «հանձնում» Ադրբեջանին։ Սակայն տարածքային ամբողջականության սկզբունքը երկար ժամանակ հանդիսացել էր բանակցային գործընթացի հիմք և հրապարակայնորեն արտահայտվել էր ավելի վաղ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի դեկտեմբերին, երբ նա Լեռնային Ղարաբաղը բնութագրել էր որպես Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Պրագայի ձևակերպման առանձնացումը իր ավելի լայն քաղաքական և բանակցային համատեքստից և դրա ներկայացումը որպես միակողմանի զիջում հանդիսանում է նարատիվային շահարկման դրսևորում, որը ծառայում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական նպատակներին։


Գրանադայի 2023 թվականի հանդիպումը Ադրբեջանի կողմից ԵՄ միջնորդության վիճարկումը


2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում նախատեսված հանդիպման շուրջ զարգացումները ընդգծեցին Ադրբեջանի կողմից Հայաստան–Ադրբեջան գործընթացում ԵՄ միջնորդական դերի վիճարկումը։ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց և այնտեղից հայ բնակչության տեղահանումից հետո՝ հիմնավորելով դա Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպասվող պաշտպանական աջակցությամբ։ Զուգահեռաբար, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողության հաստատումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի քննադատական հայտարարությունը ակտիվորեն օգտագործվեց Ադրբեջանի կողմից՝ ԵՄ-ն ներկայացնելու որպես հայամետ կողմնակալություն ունեցող դերակատար։

Գրանադայի հանդիպման ընթացքում ԵՄ-ն և Ֆրանսիան վերահաստատեցին իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Այդ հանդիպումից ի վեր Ադրբեջանը փաստացի մերժել է ԵՄ միջնորդական դերը Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում։


Երևանի գագաթնաժողովի օրակարգը ձևավորվող առաջնահերթություններ և արտաքին ներգրավվածություն


Երևանի գագաթնաժողովը արտացոլում է ԵՔՀ օրակարգի առավել կառուցվածքային և թեմատիկ ձևավորման ուղղությամբ տեղաշարժը։ Քննարկումները նախատեսվում է կենտրոնացնել ժողովրդավարական դիմակայունության, հիբրիդային սպառնալիքներին արձագանքելու, տրանսպորտի, էներգետիկ և թվային ոլորտներում կապակցվածության, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության ավելի լայն հարցերի վրա։ Այս առաջնահերթությունները համահունչ են եվրոպական ավելի լայն ջանքերին՝ ամրապնդելու համակարգային դիմակայունությունը և միաժամանակ առաջ մղելու միջտարածաշրջանային ինտեգրումը, հատկապես ձևավորվող կապակցման միջանցքների ուղղությամբ, որոնք կապում են Եվրոպան այլ տարածաշրջանների հետ։

Գագաթնաժողովը ձևավորվում է ավելի լայն նարատիվի շրջանակում, որը շեշտադրում է Եվրոպայում միասնությունն ու կայունությունը՝ ցույց տալով, որ ԵՔՀ-ն աստիճանաբար գործում է ոչ միայն որպես համակարգման մեխանիզմ, այլև որպես հարթակ՝ եվրոպական քաղաքական կարգի ռազմավարական պատկերացումների ձևավորման համար։

Հատկանշական զարգացում է այն, որ առաջին անգամ հանդիպմանը կմասնակցի ոչ եվրոպական երկիր։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նախատեսվում է մասնակցել գագաթնաժողովին՝ ազդարարելով ԵՔՀ-ի հնարավոր բացումը իր սկզբնական եվրոպական շրջանակներից դուրս և արտացոլելով համանման մտածողություն ունեցող տրանսատլանտյան գործընկերներին ներգրավելու ջանքերը։

Այս զարգացումը ցույց է տալիս, որ ԵՔՀ-ն կարող է աստիճանաբար զարգանալ զուտ եվրոպական համակարգման հարթակից դեպի ավելի ճկուն աշխարհաքաղաքական ֆորում, որը կարող է ներգրավել արտաքին գործընկերների այն դեպքերում, երբ առկա է ռազմավարական համընկնում։


Սահմանափակումներ և կառուցվածքային խնդիրներ


ԵՔՀ-ի սահմանափակումները բխում են նրա ձևաչափային կառուցվածքից։ Որպես ոչ ինստիտուցիոնալ հարթակ՝ այն չունի պարտադիր որոշումների կայացման մեխանիզմներ և չի կարող ապահովել քաղաքական պայմանավորվածությունների իրականացումը։ Թեև սա ապահովում է ճկունություն, այն միաժամանակ սահմանափակում է կոնկրետ արդյունքներ ապահովելու կարողությունը։

Օրակարգի լայնությունը կարող է հանգեցնել առաջնահերթությունների հստակեցման դժվարությունների, իսկ մշտական կառուցվածքի բացակայության պայմաններում արդյունավետությունը կախված է շարունակական քաղաքական կամքից։ ԵՔՀ-ն նաև որոշ դեպքերում կարող է համընկնել արդեն գոյություն ունեցող կառույցների՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի գործառույթների հետ՝ առաջացնելով կրկնության վերաբերյալ հարցեր։ Այնուամենայնիվ, նրա արժեքը կայանում է հենց այն հնարավորության մեջ, որ կարող է գործել այն իրավիճակներում, որտեղ այս կառույցները բախվում են քաղաքական կամ ընթացակարգային սահմանափակումների։


Երևանի գագաթնաժողովի քաղաքական և ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար



ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ունի կարևոր քաղաքական և ռազմավարական նշանակություն։ Այն արտացոլում է Հայաստանի աճող ներգրավվածությունը եվրոպական քաղաքական գործընթացներում և ամրապնդում է նրա դիրքը ավելի լայն եվրոպական քաղաքական և անվտանգային երկխոսության շրջանակում։ Այն նաև վկայում է Հայաստան–ԵՄ հարաբերությունների բարձր մակարդակի մասին և արտահայտում է վստահություն Հայաստանի նկատմամբ՝ որպես անվտանգ և վստահելի հարթակ, նույնիսկ հարևան Իրանում շարունակվող հակամարտության պայմաններում։ Գագաթնաժողովը բարձրացնում է Հայաստանի միջազգային տեսանելիությունը և նպաստում է փոքր պետություն լինելու պայմաններում Հայաստանի դերակատարության և գործոնության ամրապնդմանը՝ աճող բարդ և ֆրագմենտացված միջազգային միջավայրում։

Գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան–ԵՄ երկկողմ գագաթնաժողովը, որը հնարավորություն կտա Հայաստանի մտահոգություններն ու դիրքորոշումները ներկայացնելու եվրոպական առաջնորդներին՝ հատկապես կարևորվելով արտաքին և անվտանգային գործընկերությունների բազմազանեցման և կապակցվածության զարգացման ջանքերի համատեքստում։

Այն նաև ընդգծում է Հարավային Կովկասի աճող կարևորությունը եվրոպական քաղաքական օրակարգում և ստեղծում է հնարավորություններ խորացնելու համագործակցությունը եվրոպական դերակատարների հետ՝ անվտանգության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ոլորտներում։

ԵՔՀ-ի ներառականությունը, տեսանելիությունը և համախմբման կարողությունը այն դարձնում են ավելի ու ավելի կարևոր գործիք՝ եվրոպական քաղաքական երկխոսության, ռազմավարական նարատիվների և համահավասարեցման ձևաչափերի ձևավորման համար ֆրագմենտացված միջազգային կարգի պայմաններում։